Ադրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որեւէ որոշում չկա. Դավիթ Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից ուղարկված հումանիտար բեռը ընդունելու որեւէ որոշում չկա: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Այդ հարցով ոչ մեկ մեզ չի դիմել նույնիսկ, հետեւաբար դա մենք համարում ենք որպես Ադրբեջանի կողմից հերթական պրովակացիան: Բացի նրանից, որ սա մեզ համար անընդունելի է, ծաղրում են մեզ, միջազգային օրենքը եւ նորմերը՝ շրջապատելով, պաշարելով Արցախը, Բերձորի միջանցքը, նույնիսկ մեքենաների համարները 44-ով են, ինչը 44-օրյա պատերազմն է խորհրդանշում: Իրենց մոտ այնքան է անպատժելիության զգացումը ուժեղացել, որ նույնիսկ նման սխալներ են թույլ տալիս»,-ասաց նա:
Բաբայանը շեշտեց, որ ադրբեջանցիները ցանկանում են պարտադրել իրենց հումանիտար օգնությունը, սակայն իշխանությունը եւ ժողովուրդը այս հարցում համակարծիք են, չեն ցանկանում ընդունել այդ օգնությունը:
Անդրդառանալով համացանցում տարածված տեսանյութերին, թե իբր բեռնատարները անցել են ռուս խաղաղապահների անցակետը, Բաբայանը նշեց, որ չի կարծում, որ այդպես է, դա ադրբեջանական քարոզամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:
Նշենք, որ այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: