Արայիկ Հարությունյանի ջանքերը կարծես հօդս են ցնդում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում իրավիճակը սրելու Արայիկ Հարությունյանի ջանքերը կարծես հօդս են ցնդում։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Հարությունյանին սատարող այսպես կոչված «Աշխարհազորը»` ոմն Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ներխուժել էր Ազգային ժողով, քաշքշուք սարքել ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ, ապա և Կարեն Մաթևոսյանը հանդես էր եկել տեսաուղերձով և չափազանց կոշտ քննադատություն հնչեցրել Հարությունյանի ընդդիմախոսների հասցեին, ընդհուպ սպառնալիքներ տվել։
Նման զարգացումներից խուսափելու համար ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից կոչեր էին հնչում վերջ տալ այսպիսի ապօրինություններին և Արցախի ներքաղաքական իրավիճակը սրելուն ուղղված ջանքերին՝ նշելով, որ դա Արցախի վերջը կարող է լինել։ Փաստացի, ըստ էության, Արցախի «աշխարհազորն» իշխանությանը ծառայեցնելու քայլերը ձախողվեցին։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է արձանագրել, որ «Աշխարհազորի» հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, սրբագրել իր հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել։ Մաթևոսյանն իր քայլը բացատրել է նրանով, որ քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տալ, նշել, թե որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ և իր պայքարը հանուն Արցախի պաշտպանության է։
Ըստ պատգամավորի՝ կուլիսներում տեղեկություններ կան, որ Կարեն Մաթևոսյանին սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է։ «Այս վերջին ուղերձը, որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որ ստեղծվել էր առաջին ուղերձից հետո, մյուս կողմից այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության հանրության քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության»,- փաստում է Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, թե «Աշխարհազորի» գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարելն է։ Փաստացի Արայիկ Հարությունյանը զրկվեց իր մերձավոր աջակիցներից մեկից, ով հասկացավ, որ Հարությունյանն իրականում երկիրը ոչ թե կայունության և զարգացման է տանում, այլ ընդհակառակը փորձում է ինտեգրել Ադրբեջանին։ Բոլորովին հեռու չէ այն օրը, որ Հարությունյանը ստիպված կլինի հրաժարական տալ և պատասխանատվություն կրել իր քայլերի համար, ինչպես և նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Բարսեղյան