Հայ համայնքն Արգենտինայում բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած համերգի ընթացքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Բուենոս Այրեսի հայ համայնքի անդամներն օրերս բողոքի ցույց են անցկացրել քաղաքի Globe Theatre-ում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված համերգի ժամանակ։ Այն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան և Ադրբեջանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ է եղել։
Հայ երիտասարդների միության և Արգենտինայից հայ գաղթականների ներկայացուցչական ասոցիացիայի (ARAMA) կազմակերպած ակցիան տեղի է ունեցել ռասիստ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի միջոցառման ընթացքում։ Վերջինս ժամանակին հրաժարվել է բեմ դուրս գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։
«Ողբերգական համերգ. Ադրբեջանն Արցախի Հանրապետությունում պահում է 120.000 պաշարված հայերին առանց սննդի, դեղորայքի, բժշկական օգնության և վառելիքի հասանելիության։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ դա ցեղասպանություն է»,- նշված է ակցիայի մասնակիցների տարածած հաղորդագրության մեջ:
Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Ռամզի Թեյմուրովը վիրավորանքներ է ստացել ցուցարարներից: