Լաչինի միջանցքի ապաշրջափակում. Լավրովը եւ Բայրամովը բանակցություններ են վարել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային առավել արդիական օրակարգի շուրջ:
Հատկապես շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության շուտափույթ ապաէսկալացիան, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիր կատարման անայլընտրանքայնությունը՝ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության շուրջ։