Արցախի հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները սրվում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԼեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հակասությունները գնալով սրվում են։ Եթե Ռուսաստանն՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության պետ Դենիս Գոնչարի, օրերս հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն համապարփակ խաղաղության պայմանագրի, քանի որ հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների պատրաստակամությունը, ապա Արևմուտքն ավելի շատ է պարտադրում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել, ընդ որում, հաշվի առնելով առկա իրողությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի, Բաքվի հետ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Պատասխանելով Մոսկվայից հնչող տեսակետին, թե հապճեպ պատրաստված հում խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի, Միլլերը կրկին հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է՝ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած այլ երկրի մեկնաբանություններին։
Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցչի ջղաձիգ վարկը վկայում է, որ ռուսական ակտիվությունը կարգավորման գործընթացում չափազանց մտահոգում է Վաշինգտոնին, և, ըստ էության, Ռուսաստանին հայտարարում է, թե այս հարցում կողմ չի հանդիսանում, մինչդեռ բոլորին հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այլ նաև Ռուսաստանի միջև, ուստի և կարգավորման գործընթացում առանցքային դերը որքան էլ Միացյալ Նահանգներն ու Հավաքական Արևմուտքը փորձեն նսեմացնել, պատկանում է Ռուսաստանին։
Այս օրերին Արևմուտքը փորձում է կրկին նոր ճնշումների ենթարկել Հայաստանին, ընդ որում դրա համար օգտագործելով հենց Թուրքիայի գործոնը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքքան Ֆիդանի հետ, քննարկել Հայաստան-Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այդ հեռախոսազրույցից հետո Ֆիդանը հայտարարել է, թե տարածաշրջանում կարգավորման գործընթացներն արագանում են, իսկ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Սերինե Ղազինայն