ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետեւանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության եւ ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը: