Ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Արման Թաթոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` որպես գլխավոր զեկուցող, հուլիսի 10-ին Բարսելոնայում մասնակցել է ցեղասպանագետների միջազգային միության 2023 թ. կոնֆերանսին:
Կոնֆերանսը տեղի է ունեցել Բարսելոնայի համալսարանում` աշխարհի համալսարանների, գիտական հաստատությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների, ցեղասպանագետների մասնակցությամբ:
Արման Թաթոյանն իր ելույթում փաստերով ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմների փաստերը, նրանց շարունակվող վայրագությունները, որոնք ոչ միայն չեն պատժվում, այլ նաեւ խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ելույթով ներկայցվել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:
Գլխավոր զեկույցում ներկայացվել են նաեւ ապացույցներ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ:
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամանքի քաղաքականությունը, այլեւ իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում վերացնում են հայկական ինքնության բոլոր հետքերը` անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են եկեղեցիներ եւ այլն: Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը` շրջափակման մեջ պահեկլով Արցախը, փակելով կյանքի ճանապարհը` 120 000 մարդու մատնելով սովի: Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի` ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի եւ առողջության համար հուսահատություն:
Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսեւորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա հնարավոր չէ կանխել նրանց հանցավոր արարքները եւ դրանց հիմքում ընկած թշնամանքի քաղաքականությունը: