Պայքարի երթը պետք է վերանայվի և հարմարեցվի աշխարհաքաղաքական պայմաններին․ Արամ Ա-ն՝ ՀՅԴ անդամներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Ս․ Աստվածածնի վանքում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների խորհրդաժողովի մասնակիցներին, որոնք եկել էին Հայաստանից, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներից։ Այս մասին հայտնել է կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգը։
«Հանդիպման սկիզբում խոսք ասացին ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության կենտրոնական վարչության անդամ Լիլիթ Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։
Ապա երիտասարդներին իր պատգամն ուղղեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Նա նախ բարձր գնահատեց համաժողովի կազմակերպիչներին ու դրան մասնակցած երիտասարդներին, որոնք համախմբվել են քննարկելու հատկապես երիտասարդությանը հուզող հարցեր՝ Հայ դատի պաշտպանության, պահանջատիրության և հայապահպանման մարտահրավերների լույսի ներքո։
Հայրապետը մեկ անգամ ևս շեշտեց երիտասարդության դերն ու տեղը հայի կյանքում և վերահաստատեց՝ ասելով, որ ավագ սերնդի անդամները չպետք է խոսեն երիտասարդության մասին, այլ խոսեն երիտասարդների հետ, քանի որ մեր մարդկային կյանքը հիմնված է փոխհարաբերության և երկխոսության վրա․ ուստի պետք է դուրս գալ երիտասարդների մասին խոսելու մենախոսությունից և նրանց հետ երկխոսության մթնոլորտ ստեղծել։
Ապա, Վեհափառ Հայրապետը համապարփակ կերպով անդրադարձավ հայոց հարցին՝ պահանջատիրության և հայապահպանության պայքարին, ներկա աշխարհի մասնագիտական ու անընդհատ փոփոխովող պայմանների լույսի տակ։ Նա ասաց, որ մեր ազգի պահանջատիրական պայքարի երթը պետք է ենթարկվի վերանայման և հարմարեցվի այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններին, սակայն առանց խաթարելու մեր պատկանելությունը, սկզբունքները և արմատները։
«Այսօր մեր ուսերին դրված պարտականություններն ավելի ծանր են, քան նախկինում մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Ուստի այս հանձնառությամբ հին և նոր սերունդները, օգտվելով միմյանց փորձից, պետք է ձեռք ձեռքի տված դիմակայեն մեր ազգի առջև ծառացած քաղաքական, ներքաղաքական, համայնքային, միութենական և այլ տեսակի մարտահրավերներին ու դժվարություններին»,- ասաց Նորին Սրբությունը։
Վերջում, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ Ս․ Աստվածածնի վանքում հայ ժողովրդի հարությունը խորհրդանշող հուշակոթողի հովանու տակ կատարվեց հիշատակի խմբակային լուսանկար»,- ասված է հաղորդագրության մեջ։