ՍԴ-ից փաշինյանական կադրերի արտահոսք է սպասվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի աջակիցները մտադիր են փախչել պատասխանատվությունից։ Առաջիկայում լրանում է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը, և նրան որոշել են փոխարինել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանով։ Վերջինս ինքն է անձամբ իր մերձավորների հետ լոբբինգ անում թեկնածության համար և ցանկանում ամեն գնով հայտնվել ՄԻԵԴ-ում, որպեսզի հեռու լինի Հայաստանի ներքաղաքական առաջիկա զարգացումներում՝ պատասխանատվություն կրելու պարտավորությունից։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ ցանկանում է տեղափոխվել Եվրասիական տնտեսական միության դատարան, ուր ևս հաջորդ տարվա սկզբին երկու թափուր տեղ է առաջանալու։
2018 թվականի իշխանափոխությունից հետո, փաշինյանական վարչախումբն ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանից իրենց ոչ ցանկալի դատավորներից ազատվելու համար, փոխարենը նշանակելով հիմնականում այնպիսի մարդկանց, որոնք խնդիրներ չէին հարուցում ցանկացած իրավիճակում իշախնության սրտի որոշումները դակելու առումով։ Եթե այս կամ այն մանր հարցում Սահմանադրական դատարանի անդամների վարքը քննադատելի էր, սակայն նրանք լուրջ խնդիրների չէին բախվում, ապա առաջիկայում կախված արցախյան զարգացումների հետ, Սահմանադրական դատարանը գտնվելու է լրջագույն ճնշման տակ, ինչպես գործող իշխանությունների, այնպես էլ հանրության կողմից, ուստի և առաջին հերթին ՍԴ-ում գտնվող և իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձինք փորձում են ապահովել իրենց ճակատագիրը և փախչել պատասխանատվությունից, իսկ ովքեր էլ, որ կմնան, այլևս իրենք պատասխանատու կլինեն Նիկոլ Փաշինայնի համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առանձնապես հակված չէ Վահե Գրիգորյանին ՄԻԵԴ, իսկ Արման Դիլանյանին՝ Եվրասիական տնտեսական միության դատարան գործուղելու, սակայն այլ տարբերակ և ճար չունի, և այժմ որոնում են իշխանությանը լոյալ փաստաբանների ու իրավաբանների՝ նրանցով Սահմանադրական դատարանում առաջացող թափուր տեղերը լրացնելու և առաջիկայում սպասվող խնդիրներին դիմադրելու հարցում։
Անահիտ Գասպարյան