ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնեց՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին: ԿԸՀ նախագահը չբացառեց, որ առաջիկայում ևս մեկ միջազգային կազմակերպություն հրավիրվի դիտորդական առաքելություն իրականացնելու։
Հանձնաժողովը փոփոխություն կատարեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N 209-ն» որոշման մեջ, որը սահմանում է ԱԺ և համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը։
Նախագիծը ներկայացնող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա կուսակցություններին ներբեռնել ձևաթուղթը, որով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր, և վերջիններս իրենց տվյալները լրացնելուց հետո կկարողանան վերբեռնել ֆայլերը ԿԸՀ կայքում։ Եւ այլևս կարիք չի լինի այդ հաշվետվությունը գրավոր եղանակով ներկայացնել ԿԸՀ։
ԿԸՀ նախագահը հավելեց՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցությունները կհրավիրվեն հանձնաժողով, որպեսզի ներդրված էլեկտրոնային նոր համակարգերը մանրամասն ներկայացվի իրենց։
Փոփոխություն կատարվեց նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի N 23-ն» որոշման մեջ։ Այս որոշումն էլ վերաբերում է թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն։ Կուսակցությունները վերոնշյալ էլեկտրոնային համակարգերի միջոցով հնարավորություն կստանան վերբեռնել թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և ազատվել այդ հաշվետվությունն էլեկտրոնային կրիչի միջոցով ԿԸՀ ներկայացնելու պարտավորությունից։