Պահանջում ենք ՀՀ իշխանություններից. հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել էթնիկ զտման: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» ՀԿ-ին:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրությամբ և պետական իշխանությունների կայացման ճանապարհով։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու արցախցիների իրավունքը բացարձակ արժեքներ են, որոնցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող արցախցիներին հետ պահել:
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես նշված արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումով:
Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար կոչով դիմում ենք Ձեզ՝ միացեք «Հայաքվե» նախաձեռնությանը, դարձեք նրա շարժիչ ուժը, ակտիվ մասնակցեք և մասնակից դարձրեք ստորագրահավաքին Ձեր շրջապատի հայրենասեր մարդկանց, քանի որ այն համահայկական նախագիծ է՝ առանց որևէ սահմանափակման կամ կուսակցական պատկանելության։