Ինչպես են Հայաստանում ֆերմերներին խրախուսում մշակել խոպան հողերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMir24.tv-ն գրում է, որ Հայաստանում ամփոփվում են ֆերմերներին աջակցության ծրագրի միջանկյալ արդյունքները։ Նրանց վճարվում է միանվագ նպաստ հացահատիկային մշակաբույսերի տարածքն ավելացնելու համար։ Նման կերպ պետությունը խրախուսում է ֆերմերներին մշակել խոպան հողերը: Հանրապետությունում մոտ 170 հազար հեկտար չմշակվող հող կա, հայտնել է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը։
Արագածոտն գյուղում աշնանացան ցորեն են հավաքում: Պետական ծրագրին այստեղ տասնյակ գյուղացիներ են մասնակցում։ Նրանցից յուրաքանչյուրը մի քանի հեկտար հող է վարձակալել։
Եթե գյուղացին ցանքի համար վերցնում է ցորենի հասարակ տեսակներ, ապա մեկ հեկտարի համար վճարվում է 70 հազար դրամ կամ 16 հազար ռուբլի։ Հենրիխ Հովհաննիսյանի տեսակները էլիտար են և ունեն վկայական։ Մեկ հեկտարի համար նա ստացել է 120 հազար դրամ (28 հազար ռուբլի):
«Սերմերը գերազանց որակի էին, ախտահանված, մնում էր միայն հողի մեջ գցել։ Մեր մոտ կավահող է, պարարտանյութեր են պետք, գարնանը պետք է առնվազն երեք անգամ ջրել, թե չէ լավ բերք չի լինի, կլիման չոր է։ Այս տարի գարունն անձրևոտ ստացվեց, հեկտարից հաստատ չորս տոննա կստանամ»,- հույս է հայտնել ֆերմեր Հենրիխ Հովհաննիսյանը։
Հարևան Նոր Եդեսիա գյուղում ծրագրի մասնակիցների թիվը ռեկորդային է՝ մոտ 70։ Դրա շնորհիվ վարելահողերի մակերեսն աճել է 150 հեկտարով։ Աճեցնում են ցորեն, գարի։ «Գյուղում հիմնականում զբաղվում էին խաղողագործությամբ։ Բնակչության միայն կեսն է հացահատիկային մշակաբույսեր աճեցնում։ Բայց այս տարի վարելահողերի քանակն ավելացել է 20 տոկոսով։ Մոնիտորինգի խմբերը գալիս են, ստուգում: Եթե սերմերը ցանվել են՝ միջոցները փոխանցվում են գյուղացուն»,- ասել է գյուղապետ Վարդ Կեցյանը։ Տրվող գումարը ծածկում է գյուղացու ջրելու, պարարտացնելու և բերքահավաքի ծախսերը, իսկ վաճառքից ստացված ողջ եկամուտը մնում է գյուղացուն, և արդեն հաջորդ տարի տնտեսությունը կարող է հասնել ինքնաբավության։
Հայաստանն իրեն ապահովում է ցորենի մեկ երրորդով, մնացածը ներկրվում է։ Կառավարության ծրագիրը մեծապես ուղղված է երկրի պարենային անվտանգության ապահովմանը։ Ներկայումս շուկայում ցորենի կիլոգրամն արժե մոտ 90 դրամ (18 ռուբլի)։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը