Ռուսաստանն աննախադեպ ակտիվացրել է իր ջանքերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանն աննախադեպ ակտիվացրել է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Արտգործնախարարության բավական խիստ և Հայաստանի իշխանություններին թիրախավորող հայտարարությունից հետո էլ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱԳՆ է կանչել Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական կողմը պահանջել է ամբողջական և անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, դրա երկայնքով երկու ուղղություններով վերականգնել տրանսպորտային կապերը։ Ռուսական կողմը նաև հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում, քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը նշված փաստաթղթի ստորագրման մակարդակով։
Ըստ էության, Ռուսաստանը պարտադրում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խաղաղության պայմանագիր ստորագրել հենց Ռուսաստանում, այլ ոչ Եվրոպայում։ Ռուսական կողմի այս ջանքերի և Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ամենատարակուսելին, իհարկե՝ Հայաստանի իշխանությունների վարքն է։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն երեկ ամբողջ օրը զբաղված է եղել Արարատի մարզ այցելելով՝ խաղողի մթերման և շինարարության աշխատանքներն ուսումնասիրելով։ Փաստացի այդ կերպ, թե՛ ռուսներին, թե՛ ողջ միջազգային հանրությանն ու Հայաստանի և Արցախի բնակիչներին պարզ ասելով, թե իրեն բացարձակապես չի հուզում Արցախի ճակատագիրը, այլ՝ ճանապարհների վիճակը և խաղողի մթերման հարցերը։
Վարդան Սաֆարյան