Քանի դեռ Ադրբեջանը չի անցել մեծ ռազմական գործողությունների, բանակցությունները այդքանով արդյունավետ են. Պապոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությամբ, բայց դեռ չի անցել մեծ ռազմական գործողությունների, բանակցությունները այդքանով արդյունավետ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր գեւորգ Պապոյանը:
«Բանակցություններում որոշ հարցեր համաձայնեցված են, որոշ հարցեր համաձայնեցված չեն: Ինչո՞ւ երեք ամիս առաջ կամ հիմա չի կնքվեում խաղաղության պայմանագիրը, որովհետեւ կան հարցեր, որոնք մեզ համար կարմիր գիծ են, եւ որոնց շուրջ համաձայնություն չկա: Օրինակ, դրանցից մեկն այն է, որ պետք է ֆիքսենք, որ Հայաստանի տարածքը 29 800 քռակուսի կմ է, անցնում է այս սարով, այս ձորով, այս գետով եւ այլն: Երկրորդը այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ կապված պետք է կոնկրետ հստակ միջազգային մեխանիզմներ լինեն, որոնք կապահովեն, որ այդ մարդիկ այդտեղ անվտանգ ու ապահով մշտական ապրեն: Հիմա դրա շուրջ չկա դեռ համաձայնություն: Բայց եթե դրա շուրջ կա խոսակցություն, դա ավելի լավ է, քան եթե լինի պատերազմ:
Եթե մենք հստակ գծեր քաշենք ու ասենք՝ սա է ու վերջ, նշանակում է, որ մենք մինչ այդ պետք է բանակին հրամաններ տված լինեինք, որ պատրաստ եղեք, որովհետեւ այդպիսի բան անելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ 10 րոպե հետո կարող է լինել հակառակ արձագանքը»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ են բանակցելու Ստեփանակերտն ու Բաքուն, եթե Հայաստանն արդեն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, նա պատասխանեց. «Նախ, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ադրբեջանի գործընկեր երկրները տարածքային հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Հետեւաբար, երբ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, նվազագույնը մեր 29 800 քառակուսի կմ-ի հարցն ենք ֆիքսում: Եթե դու չես ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ ինքն էլ քոնը չի ճանաչում: Հետեւաբար, պարզ է չէ՞, ինչ է տեղի ունենում՝ նոր պատերազմ, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ Արցախի հարցի համար մենք այս փուլում պետք է նվազագույնը այնպես անենք, որ այդտեղ մարդիկ ապրեն անվտանգ, ոչ Ադրբեջանի պատկերացրած պայմաններով, որից հետո մնացած հարցերը հետագա քննարկման են: Ընդ որում դրանք պետք է քննարկեն Բաքուն եւ Ստեփանակերտի իրար հետ, եւ այդ ժամանակ Ստեփանակերտի դիրքերը շատ ավելի ուժեղ կլինեն, քան այն տրամաբանության մեջ, երբ Բաքուն ու Երեւանն են քննարկում հարցը: Միջազգային հանրության տեսակետից Երեւանն ու Բաքուն քննարկում են մի հարց, որ այդ նույն միջազգային հանրությունը համարում է, որ դա Ադրբեջանի տարածք է: Այստեղ մեր դիրքերը էապես թուլանում են: Եթե հարցը դարձնում ես տարածքային հարց, այդտեղ դու դաշնակիցներ չունես:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է, որ պետք է Արցախում իշխանությունը հանձնվի, բանակը չլինի, այդ պայմաններում, ինչպե՞ս պետք է բանակցեն, Գեւորգ Պապոյանն ասաց. «Նախկին բանակցություններն էլ են այդ տրամաբանությամբ եղել, այլ հարց է, որ գնացել մի բան են բանակցել, եկել այստեղ ժողովրդի մեջ այլ բան են խոսել: Կամ փորձագետներ են վարձել, որոնք ժողովրդին լրիվ այլ բան են ասել: Բայց ամբողջ խոսակցությունը հենց դրա շուրջ է եղել՝ որ տարածքը երբ տան, հանրաքվեն ոնց լինի, այդ հանրաքվեին ով մասնակցի, երբ մասնակցի եւ այլն: Չի եղել բանակցություննրում երբեք որեւէ տարբերակ, որ այդ 7 շրջանները չպետք է տրվեին»: