«Հայաքվե» նախաձեռնությունը սպառնալիք կարող են համարել միայն նրանք, ովքեր պատրաստվում են զիջել մեր հայրենիքը․ Լիկա Թումանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ««Հայաքվե» նախաձեռնությունը սպառնալիք կարող են համարել միայն նրանք, ովքեր պատրաստվում են զիջել մեր հայրենիքը և ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության մեդիաթիմի ղեկավար Լիկա Թումանյանը` անդրադառնալով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի մեկնարկին։
«Այս նախագիծը չի տալիս անմիջապես բոլոր խնդիրների լուծումը, առավել ևս, որ Արցախի անվտանգության խնդիրն առաջին հերթին լուծում է բանակը։ Սակայն, այս նախագիծը տալիս է ՀՀ քաղաքացիներին իրավական ճանապարհով ազդեցություն գործել գործընթացի վրա՝ սեփական կամարտահայտությամբ կասեցնելով որևէ դավաճանական փաստաթղթի ստորագրումը»,-ասաց նա։
Զրուցակցի խոսքով` իշխանություններն արդեն իսկ փորձում են խոչընդոտել․
«Նախ չէին տրամադրում Երևանի վարչական տարածքները ստորագրահավաքի համար, հիմա էլ, օրինակ, որոշ թաղապետեր արգելում են փակցնել մուտքի մոտ «Հայաքվեի» պաստառները և այլ մանր տեխնիկական խնդիրներ են ստեղծում։
Գիտակցում ենք, որ լինելու են նոր խոչընդոտներ, սակայն քաղաքացիների աջակցությունը նախագծին ու դրա համար պայքարելու պատրաստակամությունը վկայում են, որ «Հայաքվե» լինելու է»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը, ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։
Ստորագրահավաքին մասնակցելու ու «Հայաքվեի» նպատակին աջակցելու իրենց պատրաստակամությունը հաստատել են` Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, «Վասն հավատոյ եւ հայրենեաց», «Հայրենիքի Վահան», «Բաբոն Տեր ա», «Տանիք» ՀԿ–ները, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Նաիրի Հոխիկյանի, Ռուբեն Վարդանյանը, Աբրահամ Գասպարյանը, Տիգրան Աբրահամյանը և այլք։