Կհանձնի արդյո՞ք Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովը երեկ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Կապանի դատարանը կայացրել է վճիռը և Նախիջևանի ավագ հրաձիգ Ախունդովին 20-ամյա ազատազրկման դատապարտել, ընդ որում ադրբեջանցին մեղադրվում էր միանգամից 7 հոդվածներով՝ զենքով ապօրինի սահմանահատում, Սյունիքի գյուղերով անարգել շրջելու, Սիսիանի բնակչությանը սպառնալու և Զանգեզուրի կոմբինատի անվտանգության 56-ամյա աշխատակցին սպանելու համար։
Սպանվածի ընտանիքը պնդում է, որ 20 տարվա ազատազրկումը չափազանց մեղմ և անօրինական վճիռ է և պարտավոր էին ցմահ բանտարկել։ Ցանկացած պարագայում Ախունդովի հանցակից Աքշին Բաբիրովին ավելի վաղ դատապարտել էին 11 տարի ազատազրկման։ Նա Հայաստանի տարածքում չէր հասցրել որևէ հանցագործություն կատարել և մեղադրվում էր միայն սահմանը հատելու և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու մեջ։
Թեև սպանվածի հարազատների պահանջը լիովին հասկանալի է և ընբռնելի է, սակայն փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անելու է, որ ադրբեջանցիները Հայաստանում իրենց արժանի պատիժը չկրեն։
Պաշտոնական Բաքուն պահանջում է իրեն վերադարձնել իր երկու զինծառայողներին՝ պնդելով, թե նրանք մոլորվել են եղանակային պայմանների պատճառով, և գործող իշխանությունները մտադիր են վերջիններիս հանձնել Ադրբեջանին, ընդ որում երկու չարագործներին հանձնելու դեմ Ադրբեջանն որևէ կերպ չի պարտավորվում հետ վերադարձնել իր տարածքում գտնվող պաշտոնական տվյալներով 35, իսկ ոչ պաշտոնական տվյալներով 100-ից ավելի ռազմագերիներին։
Ցանկացած պարագայում, եթե փաշինյանական իշխանությունը կատարի Ադրբեջանի այս պահանջը, հերթական անգամ կապացուցի, որ անողնաշար և խեղճուկրակ իշխանություն է, որը կատարում է միայն թշնամու հանձնարարությունները։ Թեպետ այս փաստը վաղուց հայտնի է մեր հասարակությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։
Արևիկ Մելքոնյան