Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում։ Այն, որ Թորոսյանը վաղուց դարձել է այդ խմբակցության սպիտակ ագռավը, իսկ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորներն ամեն ինչ անում են Թորոսյանին պատասխանատվության ենթարկելու, նրանից մանդատը խլելու նաև ՔՊ վարչության կազմից հեռացնելու ուղղությամբ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։
Թորոսյանի դեմ հիմնական կռվանը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների քրեական գործն է։ Ինքը ՝ Թորոսյանը պնդում է, թե պատրաստ է ցուցմունք տալ, սակայն մինչ օրս նրան այդպես էլ չեն կանչել հարցաքննության, թեև այդ գործով նրա նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու մի շարք բժիշկներ կալանավորվել էին, ապա և ազատ արձակվել։
Ըստ ամենայնի գործող իշխանությունները հակված են պատասխանատվության ենթարկել Թորոսյանին, կամ էլ պատժել նրան։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Արսեն Թորոսյանը։ «Ինձ թվում է հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը և պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի», - ասել է Խաչատրյանը։
Այն, որ նույնիսկ հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ ակնհայտ ակնարկներ է անում Թորոսյանին պատասխանատվության վերաբերելու համար, վկայում է, որ Քաղպայմանագրում չեն կարողանում ներել Արսեն Թորոսյանին։ Մինչ Փաշինյանը ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների մասին դասեր է տալիս տարբեր հարթակներից, հենց Արսեն Թորոսյանն էր, որ կազմակերպել և իրականացրել էր տեղեկատվական արտահոսքը, թե ինչպես է փաշինյանական կուսակցությունը կեղծում նույնիսկ սեփական վարչության ընտրությունները։ Եվ այժմ բոլոր հնարավոր առիթներով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները այդ փաստը ճպացնում են հենց Փաշինյանի դեմքին։
Ինքը՝ Թորոսյանը, որևէ կերպ չի խրատվել իր արարքից և շարունակում է նույն ոգով խնդիրներ հարուցել կուսակցության ներսում, ուստի և մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է մինչև վերջ պատժել Թորոսյանին։
Նաիրա Կարապետյան