Փաշինյանի ու Ալիևի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել «Զանգեզուրի միջանցք» եզրույթի մեկնաբանման շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ Պատճառը Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումն էր։
Ալիեւն իր ելույթում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտհայտությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար. «Ուզում եմ ընդգծել, որ 2020-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվեց Ադրբեջանի կողմից»։
Նա միաժամանակ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:
Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին՝ հաստատված 1991 թվականի պայմանագրերով. «Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը նույնպես դրական է տրամադրված»:
Պուտինը նշել է, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը կարող են ավելի մանրամասն խոսել և քննարկել։