«Քաղաքագետը գնահատել է Փաշինյանի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRegnum.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին կընդունվի հայ ժողովրդի կողմից քննադատաբար և չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության արագ լուծմանը։ «Regnum.ru» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բորիս Դոլգովը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի տարածքը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ այդ գործընթացում չափազանց կարևոր է մնում Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգության երաշխիքները։
Ըստ քաղաքագետի ԼՂ հակամարտությունը բարդ է և բազմակողմանի, ուստի կարգավորման համատեքստում Փաշինյանի քայլը թվում է վիճահարույց և անարդյունավետ որոշում:
«Փաշինյանի ճանաչումը չի կարող համարվել գործոն, որն արմատապես կփոխի իրավիճակը և որով կավարտի հակամարտությունը։ Փաստն այն է, որ հենց Ղարաբաղում կան կազմակերպություններ, որոնք նախկինում հանդես են եկել տարածաշրջանի լիարժեք ինքնավարության օգտին։ Հիմա նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն հայ բնակչության և ԼՂ տարածքը չեն համարում Ադրբեջանի մաս։ Բացի այդ, Հայաստանի ներսում ևս նման որոշումը չի առաջացնի վարչապետի վարկանիշի բարձրացման, ոչ բոլորը դրական կընդունեն Փաշինյանի հայտարարությունը»,- կարծիք է հայտնել Դոլգովը։
Քաղաքագետը այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև էթնիկ հայերի իրավունքների ամրապնդման շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում հանրաքվեի անցկացումը ավելի նշանակալից քայլեր կլինեն հակամարտության կարգավորման համար։
«Ավելի նշանակալից կլիներ հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում։ Գործընթացը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հայ քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրերի համախմբման բանակցությունների միջոցով։ Անհրաժեշտ է, օրինակ, գրանցել էթնիկ հայերի իրավունքները։ Ներկայումս, հայերի մասով, այդ հայտարարությունները այնքան էլ արդար չեն թվում»,- կիսվել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով այժմ Հայաստանի ղեկավարի խոսքերն անշուշտ կընդունեն միայն Ադրբեջանում, ինչպես նաև Բաքվին աջակցող Թուրքիայում։ Բայց այն, թե երկրների ղեկավարների բանակցությունների ի՞նչ ձևաչափի կհանգեցնի Փաշինյանի հայտարարությունը, և թե դրանում ինչպե՞ս հաշվի կառնվեն ԼՂ բնակիչների շահերը, մնում է բաց հարց։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը