«Փորձագետ. Ղարաբաղում էթնիկ զտումը սև բիծ կլինի Ռուսաստանի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIarex.ru-ն-ն գրում է, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, Ռուսաստանի դերը որպես Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, կմեծանա։ Iarex.ru-ին նման կարծիք է հայտնել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։
Փորձագետը նշել է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանի գործառույթը, և այժմ դա է նրա առաքելությունը։ Ուստի որոշ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղը և նրա պաշտպանությունը, անհիմն են թվում։
«Որոշ քաղաքական գործիչներ Հայաստանին դրդում են լինել պաշտպան, թեև Ռուսաստանն ինքն է կամավոր ստանձնել այդ գործառույթը։ Հասկանալի է, որ երբ եռակողմ համաձայնագիրը ստորագրվեց, ուկրաինական հակամարտություն չկար, և Ռուսաստանը կարող էր որոշակի ուժային ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա։ Հիմա Ռուսաստանը չի ցանկանում դա անել։ Նա կարծում է, որ առաջնայինը Ուկրաինայի հակամարտությունն է։ Միաժամանակ, Ռուսաստանն ունի բավականաչափ լծակներ ազդելու Ադրբեջանի վրա։ Գործնական առումով որևէ բան անելու չցանկանալը հանգեցնում է նրան, որ Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման հավանականությունը բազմապատկվում է, և եթե դա տեղի ունենա, ապա դա սև բիծ կլինի Ռուսաստանի համար, որը ստանձնել է հայերի անվտանգության երաշխավորի դերը»,- ասել է Ալեքսանդրովը։
Փորձագետի կարծիքով Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը և ավելի կոշտ գործի Ադրբեջանի դեմ։ Դա նշանակում է Բաքվից պահանջել եռակողմ համաձայնագրի ամբողջական կատարում, ապաշրջափակել Լաչինի միջանցքը, դադարեցնել շփման գծում անընդհատ տեղի ունեցող ագրեսիվ գործողությունները և հրաժարվել տարածքները քայլ առ քայլ կլանելու մարտավարությունից, հստակեցրել է Միխայիլ Ալեքսանդրովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց միևնույն ժամանակ պետք է երաշխավորի նրա տարածքում ապրող հայ բնակչության անվտանգությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը