«ՌԴ Դաշնային խորհրդում գովել են Փաշինյանին, ով համաձայնել է հանդիպել Ալիևի հետ Մոսկվայում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐNews.ru–ն գրում է, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը NEWS.ru-ի հետ զրույցում բարձր է գնահատել մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Սենատորի խոսքով այդ քայլը ցույց է տալիս, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, իրեն չի արդարացրել։
«Լավ է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ առանց Ռուսաստանի միջնորդության Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը դժվար թե լուծվի։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, չի արդարացրել իրեն»,- ասել է Ջաբարովը։
Նա հավելել է, որ Մոսկվան հասկանում է, որ նախորդ բրյուսելյան հանդիպմանը Հայաստանին «շատ բան են խոստացել», այդ թվում Ֆրանսիայից։ Ջաբարովն ընդգծել է, որ «տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում, կարելի է ասել զգալի պատասխանատվություն»։
«Ուստի հիանալի է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպում է լինելու։ Եվ դա խորհրդանշական է: Իսկ այն թե ինչ կլինի այնտեղ՝ միայն պետությունների ղեկավարները գիտեն»,- ընդգծել է սենատորը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Նա մանրամասնել է, որ ռուսական կողմից համապատասխան առաջարկ է ստացվել, և Երևանն այն ընդունել է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը