Ղարաբաղը կդառնա՞ Ադրբեջանի մաս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐActualcomment.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ ապրիլի 26-ին բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ։ «actualcomment.ru»-ն զրուցել է պատմաբան և քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչի հետ պարզելու, թե ո՞րն է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում, ճանաչվու՞մ է արդյոք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ դեպքում։
«Հայաստանի և ղարաբաղյան ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը երկու հենասյուն ունի: Առաջինը Գյումրիում ռազմաբազայի առկայությունն է, որը ամրագրված է մի շարք պայմանագրերով, և երկրորդ հենասյունը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունն է, որի շնորհիվ խաղաղություն է պահպանվում Ղարաբաղի տարածքում և որի շնորհիվ այնտեղ գործում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով, այդ երկու հենասյուները Ռուսաստանին տալիս են բավականին ամուր դիրքեր ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում։ Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցնելու համաձայնությունը գրեթե անխուսափելի է, և տարածաշրջանում ներկա իրավիճակի ամրապնդումը միայն ժամանակի հարց է, ընդգծել է Ստանկևիչը։ «Փաշինյանը մանևրում է, փորձում է ինչ որ կերպ ամրապնդել իր բանակցային դիրքերը, բայց մինչ այժմ դա այնքան էլ հաջող չի ստացվում,- ասել է նա,- Ղարաբաղը, ամենայն հավանականությամբ, կճանաչվի որպես Ադրբեջանի մաս ինչ որ ինքնավար կարգավիճակով, որը երաշխավորված կլինի միջազգային ձևաչափով, սակայն Հայաստանի համար դա սպառնում է անխուսափելի ներքին հակամարտությամբ, քանի որ հայ հասարակության մի զգալի մասը կողմ է Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության պահպանմանը»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը