Ուշագրավ երկու այց, որ վկայում են ԱՄՆ շահագրգռության մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ երկու ուշագրավ այց է տեղի ունեցել մեկը Հայաստան, իսկ մյուսը՝ Ադրբեջան։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դերեք Հոգանը ժամանել է Ադրբեջան և արդեն իսկ հանդիպել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում Հոգանը հայտարարել է, թե տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հասցեագրել Հայաստանի հասցեին, պնդել, թե Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչների վերաինտեգրվելու Ադրբեջանի ջանքերին։
Երեկ էլ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Օլսոնը, որն արդեն իսկ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկել թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և թե՛ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Կոնկրետ Հայաստնի այցի և հանդիպման ընթացքի վերաբերյալ մանրամասները շատ ավելի սուղ են, թերևս, կարևորը, սակայն երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցերն են միաժամանակ այցերն են Հայաստան և Ադրբեջան։ Արևմուտքը չափազանց ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներում, ընդ որում, եթե բուն Եվրամիությունն առանձնապես էլ լուրջ շահագրգռություն չի ցուցաբերում հնարավորինս արագ այդ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու ուղղությամբ, ապա Միացյալ նահանգների դեպքում իրականությունը բոլորովին այլ է։
Ջո Բայդենի վարչակազմն ամեն ջանք գործադրում է Ռուսատանին մեր տարածաշրջանից հեռացնելու համար, իսկ դրա առաջին և թիվ մեկ պայմանը՝ ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելն է, որից հետ այլևս Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը կդառնա անիմաստ, իսկ Արցախը վերջնականապես կանցնի Ադրբեջանի կազմ։
Մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել Հայաստանին՝ փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը և Հայաստանից հեռացնել 102-րդ ռազմակայանը։ Փաստենք, որ Հայաստանի գործող վարչախումբն էլ շահագրգռված է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու, ադրբեջանանպաստ կարգավորում իրականացնելու և այդ կերպ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու հարցում։
Լուսինե Մանուկյան