Զախարովան ծաղրում է «Քաղպայմանագրի» հայտարարությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունների և Ռուսաստանի հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են Տեղ գյուղում հայ-ադրբեջանական ընդհարումից հետո հաստատված հրադադարի վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե հրադադարը հաստատվել է ոչ թե արտաքին միջամտությամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սակայն հերքել է այս տեղեկությունը, նշել, թե ընդհարումը դադարեցվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի կողմից։ Լրագրողի հարցին ի պատասխան, Զախարովան նշել է, թե՝ «Հիանալի է, երբ կողմերը կարողանում են պայմանավորվել ամենադժվար հարցերի շուրջ, սակայն իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ մեր ջանքերը պետք է մեկնաբանվեն ոչ միայն և ոչ այնքան քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք էլ պատասխանատու են այս ոլորտի համար։ Այդ գնահատականները ես կարող եմ կիսել, չկիսել, այլապես որքան մարդ, այնքան կարծիք»,- ասել է Զախարովան։
Դիտարկմանը, թե հենց իշխանական ուժի ներկայացուցիչն է հայտարարության հեղինակը, Զախարովան հեգնել է. «Չէ՞ որ Հայաստանում ժողովրդավարություն է, այնտեղ ցանկացածը հնարավորություն ունի իր տեսակետը հայտնել»։
Ի դեպ, ուշագրավ են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկ այլ հայտարարություն, թե Ադրբեջանը և Հայաստանն ընդունում են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը, քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետները կհայտարարվեն, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի։ Երեկ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր Հայաստանին մեղադրել ոչ կառուցողական մոտեցման մեջ՝ նշելով, թե ուղիղ բանակցությունները դադարեցված են։ Թեպետ Արարատ Միրզոյանը փորձում էր հերքել այս տեղեկությունը, սակայն ոչ այնքան եռանդուն և համոզիչ։
Լարիսա Ալավերդյան