Իրավապահները կամաց-կամաց մոտենում են նաև ձկան հոտած գլխին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿորոնավիրուսի դեմ պայքարի գործով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը: Վերջինիս կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն նիստը դատարանը հետաձգեց:
Սիմոնյանը Թորոյանի մոտ ընկերն է, խոսվում է նաև քավոր-սանիկ հարաբերությունների մասին: Ընդ որում, նա Արսեն Թորոսյանի հետ աշխատած միակ փոխնախարարը չէ, ում մեղադրանք է առաջադրված: ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Գործով մյուս մեղադրյալը՝ Ռազմիկ Աբրահամյանը, ում մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, խոստովանել է իր մեղքը:
Այն ժամանակ էլ Թորոսյանը հայտնում էր, որ չի վստահում իրավապահ համակարգին, դատարանում էլ որպես վկա հարցաքննվելիս նիստի ավարտին ներկայացրած խոսքերում անհամապատասխանություն կար Աբրահամյանի փաստաբանի ասածների հետ: Արսեն Թորոսյանը, ով շուրջ 10 տարբեր դատական գործերով է անցնում մեկ անգամ չէ, որ խոսում է իրավապահներին և դատարաններին չվստահելու մասին: Նա բացահայտ հայտարարում էր այն ժամանակ, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նախկին տնօրեն Միքայել Մինասյանի գործով դատարանն իրեն պատավորեցրեց ներողություն խնդրել Մինասյանից, որը Թորոսյանը երկար ժամանակ խուսափում էր անելուց:
Հիմա էլ, անդրադառնալով այս գործին, ասում է, որ ոչ պատշաճ քննություն է ընթանում, վատ մասնագետներ են հաշվեքննիչ պալատում աշխատում, որ բժիշկների 2 տարվա անձնուրաց աշխատանքը ջուրն են գցում և այլն: Իհարկե, հարձակումը լավագույն պաշտպանությունն է:
Թորոսյանը հենց սա էլ ընտրել է, բայց արդյո՞ք թիմակիցները չեն հուշում, որ կասկածի տակ է դրվում իրենց կողմից համակարգային բարեփոխումներն իրավական համակարգում՝ սեփական շահերը վեր դասելով: Իրավապահները կամաց-կամաց մոտենում են նաև ձկան հոտած գլխին:
Աննա Ավետիսյան