Ռուսաստանը փոխում է հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում հակառուսական տրամադրությունների սրման և Եվրամիության դիտորդների տեղակայման ֆոնին շատերը արձանագրում են, թե Ռուսաստանը լուրջ հետևանքներով է սպառնալու Հայաստանին, ինչպես նաև հակահայկական գործողությունների շարք է սկսելու։ Ռուսաստանը և նրա հետ փոխկապակցված ՀԱՊԿ-ն, որոնք առանձնապես ոչինչ չեն արել Հայաստանին օգնելու ուղղությամբ, առնվազն ստիպված են լինելու վերանայել իրենց դիրքորոշումը։ Տևական ժամանակ բազմաթիվ հայ քաղաքագետներ և վերլուծաբաններ նշում են, թե Ռուսաստանն ինքն է շահագրգռված «Զանգեզուրի միջանցքի» հարցում և Լաչինի միջանցքի փակված լինելն էլ հենց պարտադրանք է հայկական կողմին ընդունել այս նախապայմանները։
Մինչդեռ երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։
Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այդ կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում»,- ասել է Կոպիրկինը։ Նա, ի դեպ, չի մեկնաբանել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչառնիկովի՝ ավելի վաղ հայտարարությունները միջանցքի բացման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը թերևս վկայում է, որ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի սանձերն ավելի շատ ձգելու դեպքում կարող է ընդհանրապես կորցնել Հայաստանը, իսկ հետագայում այս տարածաշրջան վերադառնալու համար շատ ավելի լուրջ ռեսուրսներ կունենան։
Իհարկե Ռուսաստանը մի կողմից չի ցանկանում զայրացնել Ադրբեջանին և Թուրքիային, խրված լինելով ուկրաինական ճգնաժամի մեջ, մյուս կողմից Հայաստանի կորուստը լրջագույն հետևանքներ կունենա հենց Ռուսաստանի համար, ուստի և առնվազն այս փուլում, հատկապես երբ Հայաստանը ինքնուրույն հակառուսական քայլ է արել Եվրամիության դիտորդներ տեղակայելով՝ Ռուսաստանը ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ Հայաստանին և պաշտպանել իր ռազմավարական դաշնակցի շահերը։
Սերինե Բադալյան