Փաշինյանական վարչախումբը լուրջ ճաքեր է տալիս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո մեր թշնամի երկրին մեծ քանակությամբ հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկելու, իսկ Արցախը գրեթե անուշադրության մատնելու իշխանության վարքը օբյեկտիվորեն զայրացնում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, ընդդիմադիր ուժերին, ինչպես նաև ակտիվ մարդկանց, այլ նաև լրջագույն տարաձայնություններ է հարուցել անգամ իշխող թիմի կազմում, որտեղ բացարձակապես չեն կարող հասկանալ գործող իշխանությունների այս վարքը։
Իհարկե, փաշինյանական վարչախմբում պաշտոններ զբաղեցնող, կամ պատգամավոր «նշանակված» յուրաքանչյուր ոք ի սկզբանե հասկանում է, թե ինչի տակ է ինքը ստորագրել։ Հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իշխանության մեջ մնացածները լիովին և լիակատար պատասխանատվություն են կրում ցանկացած քայլի համար, ցանկացած դավաճանության և ապիկարության համար, որ իրականացնում է գործող վարչախումբը։
Միևնույն ժամանակ շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ Հայաստանը մեծ քանակությամբ օգնություն ուղարկի թշնամուն, ինչպես նաև «սիլի-բիլի» անի թուրք –ադրբեջանական կողմերի հետ, սակայն փոխարենը 2 ամսից ավելի ոչինչ չձեռնարկի արցախցիների խնդիրները լուծելու ուղղությամբ։
Միակ գործուն մեխանիզմը, որ այս օրերին ընդհանրապես աչքի է ընկել արցախցիների իրավունքները բարձրացնելով, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն է, այն էլ իրավական խնդիրներով բավականին լուրջ աշխատանք է իրականացվում, մինչդեռ Արցախում արդեն սննդի և դեղերի դեֆիցիտը լրջագույն խնդիրներ է սկսում հարուցել, ուստի և նույնիսկ իշխանության ներսում փորձում են բացատրել Փաշինյանին և նրա մերձավոր զինակիցներին, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, այլապես հետևանքները չափազանց ծանր են լինելու ոչ միայն պետության, այլ նաև իշխանության մեջ գտնվող անձանց համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի և իր խմբակցության միջև հենց այս թեմայով, և Փաշինյանը չի կարողացել բացատրել, թե ո՞րն է պատճառը, որ իրենք օգնում են Թուրքիային, սակայն որևէ քայլ չեն անում Արցախի 120 հազար բնակիչներին օգնելու համար։ Հանդիպումն անցել է չափազանց լարված, և դրանից հետո էլ Փաշինյանը իր վարչության անդամներին տեղեկացրել է, որ լուրջ կասկածներ ունի իշխանության ներսում կենտրոնախույս դրսևորումների վերաբերյալ և առաջիկայում կադրային փոփոխություններ է իրականացնելու՝ անհուսալիներից ազատվելու և այլ անսկզբունք ու անդեմ արարածների խորհրդարան ու գործադիր բերելու համար։
Անի Խաչիկյան