Դիվանագիտական կորպուսը ընդդեմ արտգործնախարարի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի արտգործնախարարությունում առայժմ բավականին խուլ խռովություն է հասունանում, որը սակայն կարող է նաև պայթել։ Բանն այն է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում, ինչպես և արտգործնախարարության աշխատակազմը, լուրջ խնդիրների են բախվում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հարաբերութուններում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Միրզոյանը չի վստահում նախկինից մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներին, սակայն նաև չունի համապատասխան կադրեր՝ դեսպաններին փոխելու և իր մտերիմներին նշանակելու համար։
Հատկապես խնդիրները սրվել են սեպտեմբերյան ագրեսիայից հետո, ավելի ծավալվել Արցախի շրջափակումից հետո։ Արտգործնախարարությունը տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին հստակ դիրեկտիդներ է ուղարկել՝ համապատասխան աշխատանք տանելու տարբեր երկրներից Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հայտարաություններ բերելու վերաբերյալ՝ յուրաքանչյուրին իր հնարավորությունների չափով, իսկ հանձնարարականներից դուրս արդեն կատարված աշխատանքը դրական էր գնահատվելու նշված դեսպանների համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միայն հատուկենտ դիվանագետներ են կատարել կամ գերակատարել արտգործնախարարության մշակված պլանը։ Մեծ մասը բացարձակապես մատը մատին չի խփել և խնդիրն ամենևին էլ ոչ թե անկարողությունն է, այլ պարզապես չեն ցանկացել կատարել Միրզոյանի հրահանգը։
Ի դեպ, երբ արտգործնախարարը դժգոհել է մի շարք դեսպանների նման վարքից, նրան անմիջապես ցույց են տվել իր քաղաքական թիմի կողմից իրականացված նշանակումները, փաստել, որ դիվանագիտական համապատասխան կրթություն չունեցող, բայց Փաշինյանի քմահաճույքով դեսպան նշանակված անձանց մեծ մասն ընդհանրապես որևէ քայլ չի կատարել այդ ուղղությամբ։
Դա վերաբերում է թե՛ Բալթյան երկրներում դեսպան Հովհաննես Իգիթյանին, թե՛ Ուկրաինայում դեսպան Վլադիմիր Կրապետյանին և մյուսներին։ Ուստի և, ինչպես նշում է մեր աղբյուրը, արտգործնախարարությունում առայժմ հների և նորերի իսկական կռիվ է սկսել, որը կարող է լրջորեն խաթարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչական աշխատանքը։
Սարգիս Գուլքանյան