«Օրինախախտ» փոխմարզպետը. ինչ մութ ամպեր են կուտակվում Ալբերտ Այվազյանի գլխավերևում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալբերտ Այվազյանը վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա անունը շաղկապվում էր «Մի LEXUS-ի պատմության» հետ երբ վերջինս Ախուրյանի համայնքապետարանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան պահանջել և ավագանու հաստատմամբ ստացել էր որպես ՔՊ խմբակցության սպասարկող մեքենա, բայց օգտագործում է սեփական կարիքների համար։ Ի դեպ, Այվազյանը սկզբից պնդում էր, որ ամեն ինչ օրինական է, բայց մարզպետի պարտականությունները կատարելու ժամանակ իր ձեռամբ ստորագրում է հանձնարարական` ավագանու որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը և արդյունքի մասին տեղեկություն փոխանցել Շիրակի մարզպետարան։
Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (20 սեպտեմբեր 2022թ եզրակացություն 01/2022) քննության առնելով Ալբերտ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2022թ․ հուլիսի 11-ին հարուցված թիվ 01/2022 վարույթի նյութերը, պարզել է, որ Ալբերտ Այվազյանը 05․12․2021 թ․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով, որից հետո ՀՀ վարչապետի` 05․01․2022թ․ թիվ 15-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Ալբերտ Այվազյանը մինչ օրս զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի և Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնները։ Եզրակացության մեջ նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Yerkir.am-ի աղբյուրները նշում են, որ, ըստ տարածված տեղեկությունների, Ալբերտ Այվազյանի հովանավորը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է։ Լուրեր են պտտվում, որ Ալբերտ Այվազյանը հավակնում է Շիրակի մարզպետի պաշտոնին։
Իսկ մինչ այդ Ալբերտ Այվազյանին որոշեցին չնեղացնել և փոխմարզպետ կարգել, նա երկար տարիներ Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետն էր, սակայն ուշագրավը նրա՝ խոշորացվող Ախուրյան համայնքի ընտրություններում մասնակցելն էր: Ալբերտ Այվազյանը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, ու չնայած ՔՊ-ն ընտրության արդյունքներով առաջատար էր, նա չընտրվեց համայնքապետ: Ամասիայում և Ախուրյանում ՔՊ պարտությունից հետո իշխանական թևում դժգոհություն էր հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ: Եւ ամենևին պատահական չէր Այվազյանին սիրաշահելու, փոխմարզպետի պաշտոնը շնորհելու քայլը: