Բաքվի ավազակախմբերը բնապահպանների անվան տակ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRealtribune.ru–ն գրում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարինտակ խաչմերուկում փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը գործելով բնապահպանների անվան տակ։ Այդ քայլով Բաքվի մինիսուլթանությունը հրահրում է խզել Հայաստանի և Արցախի ցամաքային կապը։ Փակելով Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը Ադրբեջանը փորձում է առաջ մղել իր հակահայ քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուսական խաղաղապահ առաքելությանը, կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Իր հերթին, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը այլ տեսակետ ունի. «Կարևոր է ձևակերպումների ճշգրտությունը։ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանի Դաշնությունը՝ կտրելով Հայաստանի Հանրապետության և Արցախի ցամաքային կապը և ձմռանը արցախահայությանը հոգեբանական տեռորի ենթարկելով։
Դա Պուտինի պատասխանն է հայ ժողովրդին «շատ շնորհակալությունների», Ֆրանսիայի և ԱՄՆ օրենսդիր իշխանությունների որոշումների և շատ այլ բաների համար: Հայ ժողովրդին պատժելու գործողությանը անմիջականորեն մասնակցում են Արցախի իշխանությունները, առաջին հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, խորհրդարանն ամբողջ կազմով և այլոք»։ Արզումանյանի կարծիքով «ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, նույնպես պետք է այդ միջազգային հանցագործության մեղսակից հռչակվի, եթե առաջիկայում արձագանք չլինի ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին կոչի տեսքով և պահանջով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին և Ադրբեջանին»:
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում Բաքվի ավազակախմբերը համաձայնել են նահանջել։ Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը