Հագնել «Սերժ Սարգսյանի» կոստյումը․ Փաշինյանը մտքափոխվել է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2018 թվականի իշխանափոխությունից հետո, նաև դրանից առաջ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և Հայաստանի պետական կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխակերպելու համար։ Ավելին, Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանադրությունը կարվել է հատուկ Սերժ Սարգսյանի հագով, իսկ Հայաստանը խորհրդարանական կառավարման պետության փոխարեն ստացել է սուպերվարչապետական համակարգ։
Տևական ժամանակ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում էր ոչ միայն կառավարման մոդելը, այլ նաև այլ «բարեփոխումներ»՝ հայտարելով, թե մտադիր է հիմնովին փոխել պետական կառավարման համակարգը և վերացնել մեկ կուսակցության և մեկ անձի համար կարված համակարգը։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, երեկ հայտնել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ է գումարել և որոշել է, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական։
Ի դեպ, Իոաննիսյանը, որը դրական է գնահատում խորհրդարանական կառավարման պահպանումը, կարծում է, թե առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ, այն որոշակիորեն նախագահական է,առանց նախագահական ընտրությունների, ուստի մի քանի առաջարկներ է ներկայացնելու, որ իշխանության փոխզսպումների և հակակշիռման իրական մեխանիզմներ լինեն։
Այս հայտարարությունն իհարկե պարզ երեսպաշտություն է, Նիկոլ Փաշինյանը բնավ էլ մտադիր չէ փոփոխելու պետական կառավարման համակարգը, ավելին՝ իր առաջարկած սահմանադրության մեջ չի ցանկանում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք կնվազեցնեն սեփական լիազորությունները կամ պետական կառավարման այլ համակարգերին ավելի մեծ անկախություն կտրամադրեն։
Խորհրդարանական համակարգի պահպանման օգտին արտահայտվել են նաև խորհրդի այլ անդամներ, բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության, որի ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանի համար լավագույն համակարգը կիսանախագահականն է։
Ինչևէ, հերթական անգամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պահպանել մեկ անձի հագով կարված սահմանադրությունը, իշխանությունը չափազանց քաղցր բան է, նրանից որևէ կտոր որևէ մեկին զիջելու համար։
Նանե Իսկանդարյան