Մահացած հայտնաբերված կինն ու տղամարդն ամուսիններ չէին. ի՞նչ կապերով են նրանք կապված
ԻՐԱՎՈՒՆՔԱրմավիրի մարզի Սարդարապատ գյուղում 2 օր առաջ մահացած հայտնաբերված տղամարդն ու կինը ամուսիններ չեն եղել, ոչ էլ արյունակցական կապ են ունեցել: Դիահերձման նախնական արդյունքներով՝ վերջիններս ծխախեղդ են եղել: Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը, ոչ ոք չգիտի՝ ինչպես են համագյուղացի կինն ու տղամարդը նույն ժամին հայտնվել նույն վայրում:
«Զուտ պատահական մահ է եղել: Տղամարդը, ում անունն Աբել էր, զբաղվում էր հնդկահավեր բուծելով, լավ էլ եկամուտ ուներ: Նա էլ, մահացած հայտնաբերված համագյուղացի կինն էլ տարեկիցներ էին՝ 50-անց մարդիկ: Ընտանիքներ, թոռնիկներ ունեին: Միասին պահել են թռչուններին, երեկոյան կեր են տվել, ժամանակավոր կացարանի վառարանը վառել են, անզգույշ են եղել, չեն հասցրել դուրս գալ, խեղդվել են»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը:
Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ մահացած հայտնաբերված կինը եկել է տղամարդուն օգնելու, սակայն հայտնի չէ՝ ինչ չափով է ներգրավված եղել թռչնաբուծական բիզնեսում՝ զուտ օգնողի՝ վարձու աշխատողի, թե փայատիրոջ կարգավիճակով:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը՝ 20:00-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գյուղի հարակից դաշտում դիեր կան:
Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը եւ Սարդարապատ գյուղի դաշտում քարե շինության մեջ հայտնաբերել 1964 թվականին ծնված Ա.Ն-ի եւ 1972 թվականին ծնված Ք.Մ.-ի դիերը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են: