Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 3 ամսում, ինչը երկարատեւ ռեցեսիա է կանխորոշում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 3 ամսում, ինչը, հավանաբար, երկարատեւ ռեցեսիա է կանխորոշում եւ դժվարացնում է ֆինանսների նախարար Ջերենմի Հանթի խնդիրը, որը պատրաստվում է բարձրացնել հարկերը եւ կրճատել ծախսերը, հաղորդում է Reuters-ը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ երրորդ եռամսյակում արտադրության ծավալը կրճատվել է 0,2 տոկոսով, ինչը 05 տոկոսով քիչ է Reuters-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանների կանխատեսումից։
Անցյալ շաբաթ Անգլիայի Բանկը հայտարարել էր, որ Բրիտանիայի տնտեսությունը կարող է 2 տարի ռեցեսիայում հայտնվել, եթե տոկոսադրույքները բարձրանան այնպես, ինչպես նախատեսել էին ներդրողները։
Նրա խոսքով, անգամ առանց տոկոսադրույքների հետագա բարձրացման, մինչեւ 2023-ի վերջ տնտեսությունը 6 եռամսյակներից 5-ում կկրճատվի։
«Ռեցեսիայի հետ կապված մտավախությունները իրականություն են դառնում», - ասել է Անգլիայի և Ուելսի դիպլոմավորված հաշվապահների ինստիտուտի տնօրեն Սուրեն Տիրուն: «Արտադրության այս անկումը պատժի ժամանակաշրջանի սկիզբն է, քանի որ ավելի բարձր ինֆլյացիան, էլեկտրաէներգիայի վճարները եւ տոկոսադրույքները կրճատում են եկամուտները՝ այս տարվա վերջից մեզ մղելով տեխնիկական ռեցեսիայի»:
Ըստ Ազգային վիճակագրության վարչության՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը միայն սեպտեմբերին կրճատվել է 0,6 տոկոսով։ Տնտեսական թույլ հեռանկարները անբարենպաստ ֆոն են ստեղծում ֆինանսների նախարար Հանթի՝ բյուջեի մասին հաջորդ շաբաթ նախատեսվող հայտարարությունների համար:
Մեկնաբանելով վերջին տվյալները՝ նա կրկնել է իր նախազգուշացումներն այն մասին, որ հարկերի եւ ծախսերի վերաբերյալ կոշտ որոշումներ կպահանջվեն՝ տնտեսական քաղաքականության հարցում վերականգնելու բրիտանական պետական ֆինանսները եւ կառավարության հանդեպ վստահությունը ՝ վարչապետի պաշտոնում Լիզ Թրասի կարճատեւ պաշտոնավարումից հետո: