Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա։ Պեկինում Շոլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը նշել է, որ Շոլցի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու երկրները նշում են ավելի քան 50 տարվա դիվանագիտական հարաբերությունները։
«Ներկայումս միջազգային իրավիճակը բարդ եւ փոփոխական է», - Սի Ծինփինի խոսքը մեջբերում է CCTV պետական հեռուստաալիքը: «Որպես ազդեցիկ տերություններ՝ Չինաստանը եւ Գերմանիան, պետք է միասին աշխատեն փոփոխությունների եւ քաոսի ժամանակներում, որպեսզի մեծ ներդրում ունենան խաղաղության եւ աշխարհի զարգացման գործում»:
Նա նշել է, որ «Չինաստանն աջակցում է Գերմանիային եւ ԵՄ-ին խաղաղ բանակցությունների առաջընթացի եւ եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգի կառուցման գործում կարեւոր դեր ունենալու համար։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անի դրսեւորել ողջամտություն եւ զսպվածություն, հնարավորինս շուտ հաստատել ուղիղ կապեր եւ պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման համար եւ համատեղ հակազդել միջուկային զենքի կիրառմանը կամ սպառնալիքին»,-ասել է Սի Ծինփինը։
Շոլցն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի պատերազմը հիմնովին փոխել է պարենի և էներգիայի ռեսուրսների համաշխարհային շուկաները։ «Մասնավորապես, ես ուզում եմ առանձնացնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում կանոնների վրա հիմնված մեր աշխարհակարգի համար»,- նշել է նա։
Նա նշել է, որ ինքը Չինաստանի ղեկավարին ասել է, որ «Չինաստանի համար կարեւոր է ազդել Ռուսաստանի վրա»։
«Նախագահ Սին եւ ես համաձայն ենք, որ միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են եւ շատ վտանգավոր։ Միջուկային զենք կիրառելով՝ Ռուսաստանը կանցնի սահմանագիծը»,- ասել է նա։