Արցախի իշխանություններին վտանգավոր երկընտրանքի առջև են դնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Երևան կատարած այցի մանրամասները, ինչպես նաև դժգոհել միջազգային խաղացողներից, որոնք իր խոսքերով Արցախի համար նպաստավոր պայմաններ չեն ներկայացնում։ Հարությունյանը ընդգծել է, որ չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախի հարցում և նշել, թե իրենց համար կարմիր գիծը Արցախի ինքնորոշման իրավունքն է։
Արայիկ Հարությունյանը շարունակում է փաշինյանական վարչախմբի հանցագործությունները պարտակելու իր քաղաքականությունը և փորձում բոլոր սլաքներն ուղղել դեպի Ադրբեջան և միջազգային խաղացողներ։ Այդպես էլ չի բարձրաձայնում , թե ինչ է իրականում իրեն ասվել Երևանում և ինչ զգուշացումներ են արվել։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի գործող իշխանությունները նրանց պարզապես ահաբեկել են, նշել, թե Արցախի հարցում անզիջում կեցվածքի դեպքում, վտանգի տակ է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը և այդ կապակցությամբ Արցախը պետք է գտնվի Ադրբեջանի կազմում։
Նման վտանգավոր երկընտրանքը, որ դրվել է Արցախի իշխանությունների առջև, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև չի փորձում կանգ առնել, նույնիսկ անցել է բացահայտ սպառնալիքների։ Չի բացառվում, որ Փաշինյանն այդ կապակցությամբ նույնիսկ փորձի իր կողմնակիցների խմբի հանել փողոց, նաև իշխանական մամուլի և իր սպասարկուների միջոցով փորձի շոշափել հանրային տրամադրությունները՝ Հայաստանի առջև մարտահրավերների և վտանգների մեղքը բարդելով ոչ միայն Ադրբեջանի կամ միջազգային խաղացողների վրա, այլ ավելի շուտ արցախցիների։
Իհարկե, Արցախի գործող իշխանությունների համար չափազանց ծանր և բարդ է նման պայմաններում որոշում ընդունելը կամ Հայաստանի գործող իշխանություններինդիմադրելը, սակայն Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք և պարտավոր է բարձրաձայնել բոլոր իր մտահոգությունները և Հայաստանի իշխանությունների կողմից իրեն արված հայտարարությունները, հակառակ պարագայում Արցախի հայաթափման իսկ ամբողջ մեղքը մնալու է հենց նրա վզին։
Աննա Նադոյան