Փաշինյանական վարչախումբը միտումնավոր է պառակտում հանրությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական ուժերը, մտավորականությունը, հասարակությունը թշնամու հարձակումներին դիմագրավելու ընդամենը մեկ ռեսուրս և հնարավորություն ունեն՝ դա հանրային համերաշխությունն է և բոլոր կարող ուժերի միավորումը, որպեսզի հնարավոր լինի իշխանությունից հեռացնել ապիկար և դավաճանական, թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները տարածող վարչախմբին և ուշքի բերել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը և բանակը։
Հենց այդ հանրային համերաշխության ստեղծմանն է միտված նախկին նախագահների, կաթողիկոսի և այլ քաղաքական ուժերի բանակցությունները, ինչպես նաև առաջիկայում հնարավոր հանդիպումը, որը կարող է լուրջ ներքաղաքական և արտաքին քաղաքական փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետության համար։
Զարմանալի չէ, որ նման զարգացումներին դիմադրում են բացառապես փաշինյանական վարչախումբը և նրան մերձ քաղաքական ուժերը։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո փաշինյանական վարչախումբը՝ չնայած որ նույնիսկ այդ «հեղափոխությանը» մասնակցած որոշ ուժեր արձանագրում էին, թե իրավիճակը առանձնապես բեկելու համար հանրային համերաշխություն է հարկավոր, որդեգրեց սևերի և սպիտակների բաժանելու քաղաքականությունը, այդ արատավոր քաղաքականությունն ավելի սրվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանական ԶԼՄ-ներն ու սպասարկուները ամեն ինչ արեցին հանրությանը նախկինների ու ներկաների բաժանելու համար։
Այդ քաղաքականությունը շարունակում և ավելի է սաստկանում նաև այսօր, քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ միայն այդ կերպ հայ ժողովրդին բաժանելով նա կկարողանա ապահովել հանրության որոշակի ագրեսիվ հատվածի աջակցությունը և պահպանել իշխանությունը։ Մինչդեռ բոլոր այդ քաղաքական ուժերը, որոնց համար առաջնայինը ոչ թե իշխանություն զավթելն է, գիտակցում են՝ ստեղծված իրավիճակում կա ընդամենը մեկ ելք և այդ մեկ ելքը՝ համախմբումն է։
Միհրան Բաբայան