Վերջին պատարագը Բերձորում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, երեկ պատարագ է մատուցվել։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն Հայաստանի և Արցախի իշխանությունների թողտվությամբ և լիակատար աջակցությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այդ կապակցությամբ էլ երկու բնակավայրերի բնակիչներին հանձնարարել են մինչև օգոստոսի 20-ը հեռանալ իրենց տներից, ընդ որում բոլոր այդ տները անվնաս վիճակում հանձնել ադրբեջանցիներին։
Տասնյակ մարդիկ այս օրերին տեղափոխվել են Աղավնո և Բերձոր, կանգնել տեղահանվող բնակավայրերի բնակիչների կողքին, սակայն որևէ բեկում տվյալ հարցում այդպես էլ չի արձանագրվել։
Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են փաշինյանական վարչախմբի աջակցությամբ, որպեսզի Բերձորն ու Աղավնոն անվնաս հանձնեն ադրբեջանցիներին։ Մինչ օրս հատուկենտ տներ են այրվել, իսկ այրողները հայտնվել են Արցախի իշխանությունների քննադատության տակ։
Տասնամյակներ շարունակ Բերձորում և Աղավնոյում բնակվող մեր հայրենակիցները ստիպված են հանել իրենց հարազատների գերեզմանները և տեղափոխել Արցախ կամ Հայաստան, իսկ Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից այս օրերին կտրում են խաչքարերը, որպեսզի դրանք ևս չհայտնվեն թշնամու ձեռքին և չոչնչացվեն։
Որևէ ողջամիտ բացատրություն կատարվող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ այդպես էլ չեն հնչել, միայն Ռուսաստանի հյուպատոսն է հայտնել, որ ռուսական զորքերը կմնան ճանապարհի տվյալ հատվածում, մինչև կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր պահանջները և հայ բնակչության հեռանալուց հետո կվերատեղակայվեն կառուցվող նոր ճանապարհին։
Ըստ էության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն ու քաղաքական ուժերը միայնակ են թողել Բերձորի և Աղավնոյի բնակիչներին։ Ավելին, այս օրերին համառ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցի տխրահռչակ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն է հայտնվել Աղավնոյում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և նկարահանումներ իրականացրել, ընդ որում նշվում է, թե Ֆաթուլաևը այդ բնակավայրեր գնացել է ոչ թե Ադրբեջանի տարածքից, այլ Հայաստանից։
Արմեն Իսկանդարյան