Ապարանում մահացել է ողբերգական միջադեպի երրորդ զոհը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպարանում հունիսին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շուրջ 1,5 ամիս անց մահացել է հրազենային վիրավորում ստացած և «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Բուժկենտրոնի ղեկավարության փոխանցմամբ՝ նա կոմայի մեջ է եղել և այդպես էլ գիտակցության չի եկել։ Սամվել Սանդրոյանը ԱԱԾ զինծառայող էր և հրազենային վիրավորում էր ստացել գլխի հատվածում։ Նա կրակոցների երրորդ զոհն է։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Երկու խմբավորումների վեճն ավարտվել էր կրակոցներով, տուժել էին 7 հոգի, որոնցից 2-ը մահացել էին, իսկ 5 անձ տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ։ Միջադեպից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, թե մեղավորները, որոնք կրակ էին բացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատներն են և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդին։ Իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Գործող իշխանությունը և նրա սպասարկուները շտապեցին հերքել այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե ո՛չ Մաթևոսյանի, ո՛չ էլ Փարվանյանի հարազատները կապ չունեն այս միջադեպի հետ։ Այդուհանդերձ տեղեկությունը հաստատվեց, որ հենց նրանք էլ անմիջական կապ են ունեցել ողբերգական միջադեպին։ Մինչդեռ ընդամենը մեկ մարդ է կալանավորված այս գործով, իսկ փոխմարզպետն ու պատգամավորը շարունակում են վայելել կյանքը՝ այդպես էլ պատասխան չտալով իրենց և իրենց հարազատների լկտի և հակաօրինական վարքագծի համար։
Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Մաթևոս Ասատրյանը անգամ հրաժարվել էր ենթարկվել կուսակիցների պահանջին և վայր դնել մանդատը՝ նշելով, թե Ապարանում գործող իշխանությունը դեռևս հենարան ունի բացառապես իր շնորհիվ։ Իսկ փաշինյանական վարչախումբը վաղուց գերազանցել է իր նախորդներին թե՛ կրակոցների թվով և թե՛ հակաօրինական գործողություններով։
Տիգրան Ադամյան