Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանն առաջանցիկ տեմպերով կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջները։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե սեպտեմբերից արդեն Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվելու Լեռնային Ղարաբաղից, ինչը նրա խոսքով տրամաբանական է, իսկ Արցախում անվտանգությունն ապահովելու է պաշտպանության բանակը, ինչպես նաև այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորքերը։ Այս հայտարարությունը ավելի քան լրջագույն վտանգ է պարունակում Արցախում բնակվող մեր հայրենակիցների և բուն Արցախի ճակատագրի համար։
Ըստ էության, փաշինյանական վարչախումբը վերջնականապես է ձեռքերը լվանում Արցախից և արցախցիների անվտանգությունից՝ երբեմն-երբեմն հաթաթա տալով, թե Հայաստանի կառավարությունը գումար է տալիս Արցախում բնակվողներին, իրենց կյանքն ապահովելու համար։
Օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել էին մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրս բերումը, սակայն մինչև օրս պայմանավորվածությունը չի կատարվել։ Ալիևը շարունակել էր հոխորտալ և նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Փաստացի, կարելի է արձանագրել, որ փաշինյանական վարչախումբը կրկին տուրք է տվել հակառակորդի պահանջներին և կատարել դրանք՝ նոր վտանգներ ստեղծելով Արցախի գլխին։
Անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել և երեկվանից սկսած՝ իշխանական քարոզչամեքենան, ինչպես նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ սկսել են համոզել հանրությանը, թե գործընթացը վաղուց է մեկնարկած եղել, և այստեղ որևէ զարմանալու բան չկա։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հարցազրույց տվել և կրկին ընդգծել Արմեն Գրիգորյանի խոսքերը, նշել, թե Հայաստանի իշխանություները կատարում են եռակողմ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ։
Գործող իշխանությունները միևնույն ժամանակ մոռանում են այդ պայմանավորվածություններում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, որ պատերազմի ավարտից 1,5 տարի անց դեռևս տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայորդիներ գտնվում են ադրբեջանական բանտերում և տառապում։
Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մեր ռազմագերիները մեկ-երկու ամիս կդիմանան, այդ ընտրություններից անցել է մեկ տարի և հատուկենտ անձանց են միայն վերադարձրել Հայաստան։
Դավիթ Հարությունյան