Փաշինյանը աճապարում է Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հարցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի իշխանությունները շտապում են կատարել Թուրքիայի հետ բանակցությունների 4-րդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար և Հայաստան-Թուրքիա ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է՝ կոորդինացված աշխատենք որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ռուբինյանի և Քըլըչի վերջին հանդիպումից հետո, երբ հաղորդվեց, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ակնհայտ է, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են այդ պրոցեսն արագացնելու համար, երբ երեկ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ տառ չնշելը, վկայում է՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և արագացված տեմպերով անում է ամեն ինչ, ինչ նրան պարտադրում են Անկարայից։
Այս անգամ էլ ակնհայտ է, որ այդ պայմանավորվածություններից շահելու է բացառապես Թուրքիան, իսկ Հայաստանի Հանրապետությունը կրկին լուրջ խնդիրների առջև է կանգնելու։ Ինչևէ, այս փաստը որևէ կերպ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին։ Սեփական իշխանությունը պահպանելու իր մոլեգին մտադրության մեջ նա պատրաստ է անել հակառակորդի ցանկացած պահանջ, միայն թե կարողանա Արևելքին և Թուրքիային համոզել իր անփոխարինելիության մեջ և պահել վարչապետի պաշտոնը։
Մանվել Ստեփանյան