Տարօրինակ զանգ Երևանից Պուտինին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Կրեմլի մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություններ տարածեցին, թե հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Նշվում է, թե հեռախոսազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։
Քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
Երկու հաղորդագրություններում էական մեկ տարբերություն կա, եթե Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ բացակայում է, ապա Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին քննարկումների մասին։
Ըստ էության, Փաշինյանը չի ցանկացել հանրությանը տեղեկացնել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին զեկուցել է Վլադիմիր Պուտինին։ Բանն այն է, որ Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէ, որ հայկական կողմը ուղիղ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ։ Այս պարագայում տարածաշրջանում զգալիորեն աճելու է Թուրքիայի դերակատարությունը, նվազելու է Ռուսաստանի ազդեցությունը և այդ պատճառով է, որ Փաշինյանը փորձում է հնարավորինս զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իսկ բանակցություններն իրականացվում է համարյա գաղտնի պայմաններում, միայն վերջին հանդիպումից հետո աննշան պայմանավորվածությունների մասին հայտարարվեցին։
Ըստ էության, երկու հաղորդագրությունների միջև տարբերությունները վկայում են, որ Ռուսաստանը չափազանց մտահոգված է հայ-թուրքական հարաբերություններում առկա տեղաշարժերից, և Պուտինը անձամբ է ցանկացել տեղեկանալ, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ։
Արամ Հակոբյան