Փաշինյանն անվտանգության երաշխիքնե՞ր է սպասում Մոսկվայից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախկին Խորհրդային տարածքում ուշագրավ իրադարձություններ են ընթանում։ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Մոսկվա։ Բացի Ռուսաստանի մայրաքաղաքից Նազարբաևը պետք է այցելի Սոչի։ Ղազախական լրատվամիջոցներում և տելեգրամ ալիքներում, այցի պաշտոնական նպատակները չեն հաղորդվում, սակայն նշվում է, թե Ղազախստանի առաջին նախագահը ցանկանում է ստանալ Պուտինի աջակցությունը և պայմանավորվել իրեն և իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ։
Նշենք, որ հունվարյան իրադարձություններից հետո Ղազախստանում թե՛ Նազարբաևի, թե՛ նրա ընտանիքի դեմ քննություն է սկսվել, և նրանց ազդեցությունն ու լծակները զգալի կրճատվել են, ընդհուպ խոսում են մինչև նախկին նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Տասնամյակներ շարունակ Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը լուրջ խնդիրների կարող է բախվել և, իհարկե, հասկանում է, որ իրեն անվտանգության երաշխիքներ կարող է տալ միմիայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ էության, Մոսկվան վաղուց է դարձել հետխորհրդային տարածքի վարկաբեկված առաջնորդների անվտանգության երաշխավորն ու նրանց պատսպարողը։ Նույնիսկ խոսում են, թե Մոսկվայի մերձակայքում մի ամբողջ գյուղ կա, որտեղ շքեղ առանձնատներ են և, այդտեղ ապրում են նախկին Խորհրդային հանրապետություններից վերջին տասնամյակներում Ռուսաստան փախած առաջնորդները։
Այս ամենը հետաքրքիր է այն ֆոնին, որ Հայաստանում ևս սրվել են խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ միայն իր և իր ընտանիքի համար, որպեսզի կարողանա առանց ցնցումների հանձնել իշխանությունը։ Փաստացի, անվտանգության երաշխիքները միակ կարևորագույն պայմանն են Նիկոլ Փաշինյանի համար, նա առանց մտածելու կհանձնի սեփական կուսակիցներին և իշխանությունը, միայն թե լավ և անվտանգ ապրելու երաշխիքներ ստանա Մոսկվայից։ Քանի դեռ Հայաստանում շարունակվում է Փաշինյանի պաշտոնավարումը, ուրեմն Մոսկվան դեռ նրան անվտանգության և որևէ երաշխիք չի տվել, սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի այդ երաշխիքները տրվեն, Փաշինյանն էլ հանձնի իր իշխանությունը։ Դրանից հետո, իհարկե, առաջին հերթին հարվածի տակ են ընկնում Փաշինյանի կուսակիցները, բայց այդ հանգամանքը դժվար թե հետաքրքրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։
Լևոն Առաքելյան