Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը կորոշվի դատարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի զինվորականների ճակատագիրը, որոնք գտնվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, կորոշվի դատարանում, հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Եթե թշնամին վայր է դրել զենքերը, ապա նրա հետագա ճակատագիրը որոշում է դատարանը, եթե նա նացիստ հանցագործ է, ապա սա տրիբունալ է», - Դոնեցկի լրատվական գործակալությունը մեջբերում է Պուշիլինի խոսքերը։
Հարցին, թե կոնկրետ ով է պատրաստվում դատել ուկրաինացի զինվորականներին, Պուշիլինը պատասխանել է, որ «դա հաջորդ փուլի հարց է», և որ «տրիբունալը պետք է լինի միջազգային»:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ 962 ուկրաինացի զինվորներ լքել են Մարիուպոլի «Ազովստալը» և հանձնվել։
Պուշիլինը պնդում է, որ ուկրաինացի զինվորականների ամենաբարձր կոչման հրամանատարները դեռ չեն լքել գործարանը։
Ուկրաինայի իշխանությունները այս գործընթացը անվանում են տարհանում և պնդում են, որ կողմերի համաձայնությամբ ուկրաինացի զինվորականները պետք է փոխանակվեն ռուս ռազմագերիների հետ։
Ճշգրիտ տեղեկություններ չկան, թե քանի մարդ դեռ կարող է մնացած լինել «Ազովստալի» ներսում։