Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան (վիդեո)
ՎԻԴԵՈՄեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին, բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր քաղաքացիական անհնազանդության անդադար ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել ու թողնել ազգակործան գործը: Այս մասին, Ազատության հրապարակից ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա անդրադարձավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի այսօրվա ուղերձին, ասաց, որ ողջունում է այն, հույս հայտնեց, որ միասին կարողանալու են դժգոհության հզոր ալիք բարձրացնել, հասնել իրենց վերջնական նպատակին։
Արթուր Վանեցյանը կոչ արեց քաղաքացիներին մինչ այդ, վաղը՝ ապրիլի 23-ին ժամը 18։00-ին միանալ իրեն Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Հանրապետության հրապարակ, այնուհետև միասնական երթով գնալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Բոլորիդ ժամը 18։00-ին սպասում եմ Ազատության հրապարակում, որպեսզի միասին միասնակցենք Ջահերով երթին, ցույց տանք մեր միասնականությունը, գլուխ խոնարհենք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ։ Բացի հարգանք տուրք մատուցելու խորհրդից, Ջահերով երթը խորհրանշելու է հետևյալը՝ սա լինելու է մի իրավիճակ, երբ ցույց ենք տալու մեր միասնությունը, աշխարհաընկալումը և ասելու ենք, որ մենք միասին ենք, տեր ենք մեր հայրենիքին, մեր պետությանը և ժողովրդին» , - ասաց Արթուր Վանեցյանը։