Ցինիզմ, ցինիզմ, ցինիզմի գերադրական աստիճան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին Ազգային ժողովում էր։ Կես ժամվա չափ ելույթ է ունեցել, կրկին պնդել իր երեկվա աղմկահարույց ելույթի թեզերը, հայտարարել. «Եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք»։ Փաշինյանը, որի լկտի և լպիրշ ելույթը երեկ հարուցել էր անգամ Արցախի իշխանությունների զայրույթը, կրկին պնդել է իր հայտարարությունները, նշել, որ Արցախը հանձնելու իր ծրագրով ճանապարհ է բացում Արցախի ու Հայաստանի պետականությունը պահպանելու համար։
Հայկական մի պետությունը ամբողջությամբ վարի տված Փաշինյանը, այժմ էլ խաղադրույք է դրել Հայաստանի մնացած հատվածի վրա, պնդում է, թե Շուշին պահելու որևէ տարբերակ չունեին, նշում, թե անելու է այն, ինչ ինքն է հարմար գտնում։ Իհարկե, նա կարող է իր հայտարարությունը ներկայացնել որպես պրագմատիզմ, որպես Հայաստանի Հանրապետության բնակչությանը փրկելու ինչ-որ տարբերակ, սակայն 5000 զոհերի գնով, նոր գալ հասնել ինչ-որ հակասական, նախկինում իր արված բոլոր հայտարարություններին հակասող եզրակացությունների՝ առնվազն անհեթեթ է, առավել ևս, որ ո'չ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության, ո'չ էլ պատերազմից հետո, չի արել նման հայտարարություններ, ընդհակառակը շարունակել է «ոչ մի թիզականության» ակունքներում մնալ։
Ըստ էության, թե՛ Փաշինյանը, թե՛ այլևս նրա հանցակիցը դարձած իր բոլոր գործընկերները և կուսակիցները վստահ են, որ կկարողանան հանձնել Արցախը, կկարողանան անհրաժեշտության դեպքում նաև հանձնել Հայաստանի Հանրապետությունը, միայն թե մնան իրենք իշխանության ղեկին, վայելեն մնացած վերջին պատառները։ Այն ինչ կատարվում է այսօր Հայաստանում, այլևս դուրս է ցանկացած մարդու տրամաբանության և ողջամտության սահմաններից։ Նիկոլ Փաշինյանը պարզ և հստակ հասկացնում է, որ որևէ բանի առջև կանգ չի առնելու։ Իսկ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակիչները պատրաստ են հանձնել իրենց կյանքը, իրենց անկախությունը և իրենց պետականությունը։ Սա է միակ և կարևոր հարցը այս պայմաններում, և միայն այդ հարցի պատասխանից է կախված մեր երկրի հետագա ճակատագիրը։
Գարիկ Համբարձումյան