«Քաղաքացիական պայմանագիրն» ընդդեմ մամուլի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր տարօրինակ հայտարարություն է տարածել, դիմել լրագրողական համայնքի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե իբր Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից շրջանում՝ լրագրողների աշխատանքային գոտում, լրագրողներից մեկը սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ է հնչեցրել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանի հասցեին։ Նման վարքագծով առաջին հերթին արժեզրկվում է լրագրողի մասնագիտությունը, լրագրությունը առհասարակ՝ արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից։
Լրագրողների և «Քաղպայմանագրի» պատգամավորների հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, նույնիսկ արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Մեծամասամբ լրագրողներից բաղկացած խմբակցությունը իր իշխանավարման ողջ ընթացքում աչքի է ընկել լրատվամիջոցների դեմ տարատեսակ հետապնդումներ իրականացնելով։ Եվ ըստ էության, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն։ Ընդհակառակը, պարզվում է, որ ոչ միայն Ալեքսանյանն է վիրավորանքներ հասցրել լրագրողին, այլև նրա հասարակական հիմունքներով աշխատող օգնականը հասցրել է Ազգային ժողովի միջանցքում վիրավորանքներ տեղալ աշխատող լրագրողների հասցեին։
Այս օրերին էլ Ազգային ժողովը քննարկում է մեկ այլ նախկին լրագրողի՝ Արթուր Հովհաննիսյանի և պատգամավոր Լիլիթ Մինասյանի ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով պետական մարմիններին հնարավորություն է տալիս դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։ Տարօրինակ զուգադիպությամբ հասկանալով, որ ներկայացված նախագիծը բնավ էլ չի բխում իրենց հռչակած ժողովրդավարության սկզբունքներից, փաշինյանական իշխանությունն ինքն է առաջինը փորձում հարձակվել լրագրողների վրա՝ փորձելով համոզել, թե հենց լրագրողներն են խախտում սահմանված կանոնները։ Մինչդեռ հստակ է, որ Փաշինյանի իշխանությունը ինքն է Հայաստանի վերջին 30 տարվա ընթացքում ամենահակաժողովրդավար, ԶԼՄ-ներին հետապնդող թիվ 1 իշխանությունը։
Ալեքսանյանի հայտարարությունը հերքել են թե՛ նշված «Հրապարակ» թերթի լրագրողը, թե՛ բազմաթիվ այլ լրագրողներ, որոնք միջադեպի պահին եղել են միջանցքում և կարող են արձանագրել Վահագն Ալեքսանյանի հայտնած սուտը։ Այս հանգամանքը բոլորովին էլ չի մտահոգում «Քաղաքացիական պայմանագրին», որը ամեն գնով նպատակ է դրել իր ձեռքը վերցնել մամուլի վերահսկումը և այդ ստոր ու դավադիր ծրագրի իրացման ճանապարհին ոչնչի առաջ կանգ չի առնելու։
Վահան Բաղդասարյան