Զավեշտալի հետապնդում Դավիթ Տոնոյանի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ քրեական հետապնդումը գնալով ավելի զավեշտալի և հիմար դրսևորում է ստանում։ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե գործող իշխանությունները շարունակում են հանիրավի հետապնդումները Տոնոյանի դեմ։ Խտրական կերպով կալանքի տակ պահվող Դավիթ Տոնոյանի հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին։
Փաստացի, 3 ամիս է դատարանն անգործության է մատնված, սա գնահատում ենք հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է նաև վերաքննիչ քրեական դատարանում՝ պահանջելով հրապարակային քննություն։ Ամիսներ շարունակ պաշտպանության նախկին նախարարը գտնվում է կալանքի տակ, իսկ դատերը դռնբաց անելու նրա պահանջները մերժվում են դատարանի կողմից։ Վերաքննիչ դատարանում Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, թե հրթիռների ձեռք բերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել և այդ փուլում նպաստել է Հայաստանի զինված ուժերի կարողությունների բարձրացմանը։
Նույնիսկ քրեական գործով նախաքննական մարմինը հրաժարվեց փորձաքննություն անցկացնել, այդպիսով ապացուցելով, որ թե՛ Դավիթ Տոնոյանը, թե՛ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և մյուս անձինք, որևէ կերպ մեղսակից չեն խոշոր հափշտակության հետ կապված հանցագործությանը։ Ըստ էության, փաշինյանական իշխանությունը շարունակում է մեղքը ամեն գնով պաշտպանության նախկին նախարարի ուսերին բարդելու իր քաղաքականությունը։ Եվ Փաշինյանը չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել իր սրտի քավության նոխազին։ Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, հստակ ապացուցում է, որ մտադիր չէ դառնալ այդպիսին Նիկոլ Փաշինյանի համար, մինչև վերջ պաշտպանվելու է և թույլ չի տա վարկաբեկել իր անունը։
Տիգրան Գասպարյան