«Խաղաղության դարաշրջանը» և հայկական հետքերի վերացումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի իշխանությունները ահազանգում են` Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ադրբեջանական կողմը, որը մեկ շաբաթից ավել տեղակայվել է Փառուխի հարակից Քարագլուխ կարևորագույն բարձունքի մի հատվածում, ոչ միայն ամրաշինական աշխատանքներ է կատարում, փորձում է ամրանալ Արցախի ամենակարևոր ռազմավարական հանգույցներից մեկի վրա, նաև ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. վտանգված է Սուրբ Աստվածածին եկեղեցին, վտանգված է Քարագլխի հին գերեզմանոցը, 13-րդ դարից հետո թվագրվող բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ։
Արցախի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով ռազմական նշանակությունից զատ, Քարագլխի այդ հատվածներում գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, 2 եկեղեցի, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, գերեզմանոցներ։ Վերջին օրերին լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները պարզապես անխնա ոչնչացնում հայկական հուշարձանները և գերեզմանները։ Ըստ էության, սա առաջին դեպքը չէ, երբ պատերազմից հետո Ադրբեջանն ամեն գնով ոչնչացնում է հայկական հուշարձանները։ Բոլոր այն եկեղեցիները, որոնք տեխնիկապես և այլ պատճառներով հնարավոր չի ոչնչացնել, Ադրբեջանը վերածում է իբր ալբանական մշակույթի հուշարձանների, իսկ մնացած բոլոր հուշարձանները հողին է հավասարեցնում։
Այս ամենը ընդամենը մեկ նպատակ ունի՝ աշխարհին ներկայացնել, թե այդտեղ հայեր չեն ապրել և այդ տարածքն իրականում ադրբեջանական է։ Յունեսկոն հայտարարություններից զատ ոչինչ չի արել, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն կարողանում պաշտպանել Արցախի բնակիչների տարրական անվտանգությունը, ուր մնաց թե կարողանային պաշտպանել հայկական մշակույթի հուշարձանները։ Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ փաշինյանական իշխանությունը տարփոխում է «Խաղաղության դարաշրջան» բացելու անհրաժեշտության մասին, իսկ իրականում աջակցում, որպեսզի ալիևյան վարչակազմը ոչնչացնի հայկական հետքերը բուն հայկական տարածքների վրա։ Միջազգային հանրությունը ընդհանրապես շահագրգռված չէ և թքած ունի այս ամենի վրա, նրանց առաջին և միակ մտահոգությունը Ուկրաինան է և բոլորովին չեն մտահոգվում, որ այսօր նաև Արցախում արցախցու և Արցախում ստեղծված հուշարձանների ճակատագիրն է վտանգված։ Ավելին կոչ են անում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հենց Արցախից։
Ռոբերտ Ոսկանյան