Հայաստանում հակառուսական նոր ալիք են բարձրացնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում ստեղծված իրավիճակը նպաստել է, որ Հայաստանում կրկին գլուխ բարձրացնեն ռուսաֆոբ քաղաքական ուժերը, իսկ փաշինյանական վարչախումբը միայն նպաստում է այդ ալիքի տարածմանը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է իրեն ներկայացնել որպես Հայաստանի միակ ռուսամետ իշխանություն, որը պատրաստ է կատարել Կրեմլի բոլոր հանձնարարականները։ Մինչդեռ Արցախում սկսված ծանր իրավիճակը, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերը փոքր-ինչ թուլացել են և չեն կարողանում բավարար չափով դիմադրություն ցույց տալ, դարձել է թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ փաշինյանական վարչախմբի համար միջոց՝ սեփական հակառուսականությունը փաստելու համար։
Երեկ «մեկ կետից» հրահանգված, թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջատար դեմքերը, սկսեցին հակառուսական արշավ իրականացնել։ Առաջիններից մեկը խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր, որը հրատապ ասուլիս էր հրավիրել և հայտարարում էր, թե իշխանությունը հստակ պատասխաններ է ակնկալում ռուսական կողմից, Արցախի իրադարձությունների կապակցությամբ։
«Սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունն իրենց պատասխանատվության գոտում գտնվող տարածքում» և Աղաջանյանը նշում էր, թե իրենք ունեն լուրջ հարցեր»։ Ավելի ուշ այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, թե՝ «Ռուսական խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանի որ այն ինչ տեղի է ունենում Ասկերանում ռուսական խաղաղապահների տիրույթում է»։ Գրեթե նույն բառերն էր արտահայտել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար՝ Սամվել Բաբայանը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ Արևմուտքի հարվածներից և փորձում Հայաստանում էլ ակտիվացնել հակառուսական շարասյանը։ Իհարկե, դա տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը որևէ քայլ ձեռնարկեր Արցախի բնակչության կյանքն ու առողջությունը ապահովելու ուղղությամբ։ Սակայն միևնույն ժամանակ փաշինյանական իշխանությունը հանձնում է Արցախը՝ մեղքը գցելով ռուսների վրա, մյուս կողմից էլ ամբողջ թափով քննադատում է Ռուսաստանին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի ձեռնպահ քվեարկելն էլ այս շղթայի ևս մեկ օղակն է։
Արսեն Մանասյան