Փաշինյանական վարչախումբը մերժեց հայանպաստ նախագիծը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող հայտարարությունները՝ քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագիրը» նախօրեին քննարկման ամբողջ օրը փորձեց խափանել այդ քննարկումը, հարցը տանելով նախկիններ, ներկաներ ջրբաժանի շրջանակներ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին մեղադրելով Հայաստանի Հանրապետության դեմ գործած բոլոր մեղքերի մեջ, իսկ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու այդ նախագծին, քանի որ դրա տակ բոլորովին այլ ենթատեքստեր կան։
Իրականում «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն ունի այլ ենթատեքստ այս հարցում. թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու շրջանում փորձում է նաև կանխել Հայաստանում ցանկացած հայամետ նախաձեռնություն։ Եվ, ըստ էության, իշխող խմբակցությունը փաշինյանական վարչախմբի անմիջական հրահանգով՝ քվեարկելու է այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Սրա իրական և միակ պատասխանատուն դեռևս 2021 թ. հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Փաշինյանին ձայն տվող հասարակության զանգվածն է, որի համար ամենակարևոր խնդիրը սեփական որկորն է։ Եվ այդ պայմաններում փաշինյանական իշխանությունը կարող է շարունակել բարբաջել «Խաղաղության դարաշրջանի» մասին, միաժամանակ առաջ մղել Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության մասին։
Ցավալիորեն արձանագրենք, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի զանգված սեփական ձեռքերով վերջ է դնում սեփական պետությանը՝ հավանություն տալով Փաշինյանին և նրա իշխանությանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քրեորեն պատժել նրանց, ովքեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն։ Նախագծի հեղինակ Արամ Վարդևանյանն ինքը նույնիսկ նախօրեին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը նվիրելով Ռուսաստանին՝ նշելով, թե ավելի լավ է լինել ռուսական երկրամաս, քան թուրքական վիլայեթ։ Ըստ էության, գործ ունենք սովորական երեսպաշտության հետ և մեղքը միայն հանրությանը չէ, որը կամա, թե ակամա ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Չունենալով նորմալ երկընտրանք՝ հանրությունը գնացել և ընտրել է վատերից վատթարագույնին։ Հայաստանի Հանրապետությունն այսօր կարիք ունի ռեստարտի, կամ կարիք ունի նոր, ակտիվ հայրենասեր իշխանությունների, այլապես երկրի վախճանը չափազանց մոտ է։
Գևորգ Գասպարյան